Արամ Սիմոնյանի ճանապարհը փակելը խուլիգանություն չէր, բայց դուռը ծեծելու համար 30 ոստիկանով մեզ տարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

«Կար տեղեկատվություն, որ համալսարանում քննարկվում է հայտարարության տեքստ, որին դեմ էր ուսանողական խորհուրդը եւ մի քանի դեկան: Տեղեկանալով, որ նման տեքստ է քննարկվում, որոշեցինք ներկա լինել դահլիճում ու լսել, թե ինչի մասին է խոսքը: Սակայն դահլիճը փակ էր, մնացածը դուք տեսել եք…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատ արձակված Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, որին բերման էին ենթարկել Երեւանի պետական համալսարանից, ապա ձերբակալել:

Նա եւ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

«Ինձ համար ամենացավալին այն է, որ այս ամենը կայանում է համալսարանում, ռեկտորի՝ Հովհաննիսյան Հովիկի անմիջական մասնակցությամբ: Պրոռեկտորների, աշխատակազմի ղեկավարի աչքերի առաջ ձերբակալում են ուսանողական խորհրդի նախկին նախագահին, Դավիթ Սարգսյանն այս պարագայում ուսանողական գիտական ընկերության նախագահն է, նախկին դասախոսներին, սակայն համալսարանը ոչ մի բանով չի արձագանքում: Ակցիաները, քաղաքական պատկերը թողնենք մի կողմ, ինձ համար ամենակարեւորն այն էր, որ համալսարանը մի տեսակ արժեզրկվեց… Ճիշտն ասած՝ չեմ հիշում նման այլ դեպք: Ցավում եմ, որ համալսարանը գոնե հայտարարության տեքստ չի տարածել: Մյուս կողմից, ուրախալին այն է, որ թեկուզ այս գնով կարողացանք կանխել հայտարարության ընդունումը: Ինչ վերաբերվում է իմ գործին, բոլորն են հասկանում, որ այստեղ որեւէ խուլիգանական արարք չկար, հետեւաբար դրա մասին խոսելն անիմաստ է»,-ասաց Ցոլակ Ակոպյանը:

«Ես բավականին կարեւորում եմ համալսարանի դերն իմ կյանքում, ԵՊՀ-ն իրական արժեք է ինձ համար, ու նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանին թույլ չտվեցի իմ ձեռքը բռնել, հենց համալսարանի հանդեպ հարգանքից է գալիս, որովհետեւ տհաճ է համալսարանում նման միջադեպի ականատես լինելը: Մյուս կողմից, ինձ թվում է շատ բան ունեն մտածելու, թե համալսարանի ռեկտորը, թե պրոռեկտորները եւ ընդհանրապես ողջ համալսարանական հանրույթը նման երեւույթի առումով: Իմ խորին համոզմամբ, երկրում արժեքային համակարգով պայմանավորված՝ բուհերը, մտավորականությունը մեծ մասամբ իրենց տեղում չեն»:

 

--00—ԱՊ