Փամփուշտները մոռացել էի պայուսակում. ինչու՞ էին ձերբակալել Արզաքանցյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

 Էդ պայուսակը, որը վերցրել էի շուտվանից չէի օգտագործում, դա իմ ճանապարհորդական պայուսակներից մեկն էր, որի մեջ եղել է իմ օրինական ատրճանակի փամփուշտները` մոռացել էի, մեջից չէի հանել: Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով օրեր առաջ օդանավակայանից իր ձերբակալման մասին լուրերին:

Մենք նրա հետ կապ էինք հաստատել դեռ օրեր առաջ, վերջինս այսօր էր հետադարձ կապ հաստատել: «Ոչ մեկ չի ձերբակալել, էդպիսի բան չի եղել, որովհետև իմը լրիվ օրինական էր»,- պնդում է Արզաքանցյանը: Նրա խոսքով, զննության ժամանակ է պարզվել, որ փամփուշտներ կան պայուսակում. «Գնացի, գրանցեցին փամփուշտները, հանձնեցի ոստիկանություն, թույլտվությունը ցույց տվեցի, որ օրինական է, ու էդքանը: Դրանից հետո ես իմ ճանապարհորդությունը շարունակեցի: Ոչ մեկ չի ձերբակալել, անդուր բաներ, որ գրում են սուտ է»: Արզաքանցյանից հետաքրքրվեցինք, թե ու՞ր էր մեկնում, վերջինս նշեց. «Գնում էի թոռնիկներիս մոտ Ամանորը նշելու, իրենք Դուբայում են ապրում»:

Տիգրան Արզաքանցյանը նաև նշեց, որ Ոստիկանությունում մնացել է 2 ժամ, բաց է թողել առաջին չվերթը, որն ուղևորվում էր Դուբայ, մեկնել է հաջորդ չվերթով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալել էին «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Տիգրան Արզաքանցյանի մոտ հայտնաբերվել էին փամփուշտներ։ Նա ներկայացվել էր Քննչական կոմիտեին։  

Մերի Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութ:

 

 --00—ԱՊ