Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

photo

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը փետրվարի 1-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը` հանձնաժողովի նախագահն այն համարել է առաջնահերթ մեր երկրի եւ իշխող քաղաքական ուժի համար: Համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում Արման Եղոյանը բարձրացրել է ԵՄ փորձագիտական ներուժի տրամադրման հարցը:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Հանձնաժողովի անդամները խոսել են խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունից:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է երկկողմ համագործակցության հնարավորությունների մասին: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ նոր գործընկերության օրակարգին ու առաջնահերթություններին:

--00—ՅՄ