Այդ դիվանագետները դասալիք են, լքել են իրենց խրամատը ու գործում են այլ երկրի հրահանգներով. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Այդ դիվանագետները դասալիք են, լքել են իրենց խրամատը ու գործում են այլ երկրի հրահանգներով։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բազմաթիվ փորձառու դիվանագետների դիրքորոշման» մասով՝ երևի նկատել եք, ես շարունակաբար ջանքեր եմ գործադրում չներքաշվելու ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, բայց ես էլ քաղաքական թիմի անդամ եմ և քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում ու նաև ջանքեր եմ գործադրում չանցնելու քաղաքական բանավեճի մեջ բարեկրթության սահմանները, բայց հիմա ուղղակի մի երկու շատ չոր փաստային արձանագրում չանել չեմ կարող․ ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար էն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոններն ու իրենց բաժին հասած խրամատն այն օրերին, նույն բառացի օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա, էս փաստի հիշատակումիչց հետո էդ մարդկանց ու նրանց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ և սա ամենամեղմ գնահատականն է, որ ես կարող եմ թույլ տալ ինձ հնչեցնել։

Իրականությունն ավելի վատ է․ ականահարելով Ալմա Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ էդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա՝ ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը և տարածքային ամբողջականությունը, լավագույն մեկնաբանությամբ՝ ուղղակի չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի թելադրանքով։ Ավելի չեմ ուզում մենաբանել», - իր խոսքում նշեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմը 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում, անհամաձայնություն հայտնելով ՀՀ իշխանության՝ Ադրբեջանի հետ կնքվելիք փաստաթղթին, հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Իրենց զբաղեցրած բարձր պաշտոններից հրաժարվել էին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Արմեն Ղևոնդյանը, ինչպես նաև՝ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ մինչ այդ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հրաժարական ներկայացրած պաշտոնյաներից չէր ընդունվել միայն Արմեն Ղևոնդյանի հրաժարականը, ով պետք է ղեկավարեր դիվանագիտական գերատեսչությունը, նա այժմ զբաղեցնում է Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնը։

Նշենք նաև, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և մի շարք այլ դիվանագետներ ստեղծել են «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն՝ պահանջելով իշխանություններից «արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ