Բոլորս շատ երջանիկ էինք․ Օտուբանջոն՝ Նոային հաղթելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

g

Հայաստանի Պրեմիեր Լիգան, որը վերջին տուրերում վերածվել է երկու թիմի պայքարի, կարող էր իր տրամաբանական ավարտին հասնել արդեն նախորդ՝ նախավերջին տուրում, սակայն «Փյունիկը» խառնեց «Նոայի» խաղաքարտերն ու շրջանցելով նրան՝ հաստատվեց առաջին տեղում։

Մայիսի 21-ին, երբ «Նոային» վերջին 3 միավորն էր պետք մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն դառնալու համար, Եղիշե Մելիքյանի սաները տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։

«Փյունիկի» 2-րդ գոլի հեղինակ Յուսուֆ Օտուբանջոն ArmSport-ի հետ զրույցում ասում է, որ իրենց գրանցած արդյունքը ճիշտ մարտավարության հետևանքն էր, ինչպես նաև՝ երկրպագուների փոխանցած էներգիայի պատասխանը․ «Անչափ ուրախ եմ, որ 3 միավոր վաստակեցինք ու վերադարձանք մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Խաղի ժամանակ զգացվում էր երկրպագուների էներգիան, ինչը մեծ առավելություն էր մեզ համար։

Ի՞նչ էր ասել մարզիչը խաղացողներին վճռորոշ հանդիպումից առաջ․ «Ասաց, որ նույն փորձն ունեցել ենք նաև նախորդ մրցաշրջանում «Ուրարտուի» դեմ, և հիմա սա մեկ այլ հնարավորություն է՝ ամեն ինչ դեպի լավը փոխելու։ Հիանալի խոսքեր էին խաղի վրա կենտրոնանալու համար, իսկ արդեն խաղից հետո բոլորս երջանիկ էինք»։

Ըստ Օտուբանջոյի՝ առհասարակ, այս մրցաշրջանն ապշեցուցիչ էր և լի ինչպես նոր փորձով, այնպես էլ նոր ֆուտբոլիստներով․ «Հիմա պահն է, որ լավ ավարտենք առաջնությունը։ Վերջին խաղն է մնացել, հասկանում ենք դրա կարևորությունն ու պիտի մեծ կենտրոնացվածություն դրսևորենք»։

ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում, «Փյունիկը», որն այժմ 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մայիսի 25-ին Գյումրիում կհյուրընկալվի «Շիրակին», իսկ 77 միավորով 2-րդ տեղում գտնվող «Նոան» նույն օրը կընդունի «Վեստ Արմենիային»։

Աղբյուրը՝ Armsport


--00—ՍՊ