ԵԽ-ն պատրաստ է փոխել համագործակցության վեկտորը՝ ՀՀ իշխանության դիմումի հիման վրա․ Դրագոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական ոլորտի կարեւոր բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Այս մասին ասել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բաթաինի-Դրագոնը՝ Հայաստան-ԵԽ 2019-2022 թվականների համագործակցության ծրագրի մեկնարկի շնորհանդեսին։

Նրա խոսքով՝ ԵԽ նախարարների կոմիտեն ուշադիր հետեւում է Հայաստանում դեմոկրատական բարեփոխումների ընթացքին եւ աջակցում առաջընթացին։ Մասնավորապես, դատական համակարգի թափանցիկության բարձրացման, նոր Քրեական օրենսգրքի եւ Քրեակատարողական օրենսգրքի ընդունման, կոռուպցիայի դեմ պայքարի նոր կառույցների ստեղծման գործում։

Ինչպես նշել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը,  նախորդ՝ երկրորդ ծրագրի իրագործումը նպաստել է իրավական ոլորտի առաջընթացին, իսկ սահմանադրական բարեփոխումները հաջող համագործակցության օրինակ են։ Միաժամանակ ամրապնդվել են մարդու իրավունքները ԶՈւ-ում, նախաձեռնվել են քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում բարձրագույն կրթության ոլորտում, խորանում է պայքարն ընտանեկան բռնության դեմ։ «Եվ մենք վստահ ենք, որ կարող ենք առաջ ընթանալ ու հասնել ավելիին»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Նա հիշեցրել է, որ ծրագրի բյուջեն կազմում է մոտ 19 մլն եվրո, ընդ որում՝ գումարի 57 տոկոսը ապահովված է շնորհիվ Ավստրիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի անդամավճարների։

Ինչպես նշել է գլխավոր քարտուղարի տեղակալը, Հայաստանն արդեն իրականացրել է էական բարեփոխումներ։ Բայց նրա շահերից է բխում շիտակ ասել, որ դեռ անելիք կա։ Այդ քայլն արել է երկրի վարչապետն ընթացիկ տարվա ապրիլին, երբ վարչապետ Փաշինյանը դիմել է իշխանության ապակենտրոնացման, կոռուպցիայի վերացման, անկախ դատական համակարգի ապահովման հարցով։ ԵԽ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին այս ուղղություններում։

«Մենք պատրաստ ենք փոխել համագործակցության վեկտորը Հայաստանի իշխանությունների դիմումի հիման վրա»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը։ ԵԽ փորձագետների պատվիրակությունն այցելել է Հայաստան եւ հիմա պատրաստում է կոնկրետ առաջարկություններ երկրին հուզող հարցերի վերաբերյալ։ Դրանց մի մասն արդեն ներկայացված է։ «Դրանք Հայաստանի համար կարեւոր հարցեր են։ Առաջարկությունները պետք է համահունչ լինեն սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին։ Մենք պատրաստ ենք լինել ուղեվար կարեւոր բարեփոխումների ճանապարհին»,- նշել է նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս