Թագուհի Թովմասյանը հանձնարարել է ուսումնասիրել «Ֆիզգարադոկ»-ի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Ֆիզգարադոկ»-ի խնդրի վերաբերյալ։

«Երեկ «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված հանձնարարել եմ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներին հանդիպել բնակիչներին և տեղում ուսումնասիրել նրանց նկատմամբ տեղի ունեցող իրավունքի խախտման փաստերը։

Արդյունքում բողոքի ակցիա իրականացնող բնակիչները փորձագետներին ներկայացրել են խնդրահարույց իրավիճակը. Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից, և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք։

Նշված փաստերի առթիվ, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովում կիրականացվի ուսումնասիրություն, որի արդյունքում պատկան մարմինների կողմից թույլ տրված անօրինականությունների մասին գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին»,-գրել է Թովմասյանը։

--00—ԼՄ