Իլհամ Ալիեւը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

default.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ՝ Մեհրիբանի հետ էքսկուրսիա է կատարել օկուպացված հայկական պատմական Կովսական շրջան, որն ադրբեջանցիները Զանգիլան են վերանվանել։ Ինչպես միշտ, Ադրբեջանի ղեկավարը մի շարք հայտարարություններ է արել:

«Մեր անկախությունն ամուր չէր ոչ 20-րդ դարի սկզբին, ոչ էլ վերջին։ Այդ պատճառով էլ մեր ժողովուրդը մեծ ողբերգությունների բախվեց։ Ե՛ւ Արեւելյան Զանգեզուրը, ե՛ւ Ղարաբաղն օկուպացված էին։ Այն ժամանակվա իշխանությունները չկարողացան պաշտպանել մեր հողերը։ Սակայն այսօր մեր անկախությունն ամուր է, եւ արդյունքում մենք հաղթանակ տարանք Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում՝ պատմական հաղթանակ։ Արդյունքում մենք ծնկի բերեցինք հակառակորդին, եւ այսօր մենք այստեղ ենք»,- ասել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ «եթե մենք անկախ չլինեինք, այսինքն՝ բառիս բուն իմաստով, չէինք կարողանա վերջ տալ հայկական օկուպացիային։ Որո՞նք էին այն գործոնները, որոնք պայմանավորեցին այդ օկուպացիան. Իհարկե՝ արտաքին»:

«Այսօր առաջին պլանում ուժի գործոնն է։ Ես այս մասին խոսել եմ դեռ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում են։ Ես ասացի, որ միջազգային իրավունքը չի գործում։ Պետք չէ ինքներս մեզ խաբել, պետք է ավելի ուժեղ լինել, ուժերը հավաքել։ Անհրաժեշտության դեպքում թշնամուն ուժով քշեք մեր հողերից. Ես խոսել եմ այդ մասին եւ արել եմ դա»,- շարունակել է խոսել Ադրբեջանի նախագահը։ Ընդգծելով, որ ուժի գործոնը կշարունակի գերիշխել աշխարհում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է հետեւյալը. «Դա ցույց է տվել նաեւ նորագույն պատմությունը։ Ուստի մենք պետք է շարունակենք ուժեղ լինել, եւ մենք ուժեղ ենք դառնում։ Այսօր մեր տնտեսական ցուցանիշները շատ դրական են։

Կարող եմ ասել, որ այս տարի համաշխարհային մասշտաբով արագ զարգացող երկրներից մեկն Ադրբեջանն է։ Մենք մեծացնում ենք մեր ռազմական ուժը: Պատերազմից հետո նոր զինված միավորումներ ստեղծվեցին, նոր տեխնիկա է գնվում, եւ մենք շարունակելու ենք դա անել։ Որովհետեւ եթե մենք ուժեղ չլինենք, չենք կարողանա ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ուզում ենք ազատ ապրել։ Ուզում ենք, որպեսզի այսուհետ մեր գործերին ոչ ոք չխառնվի: Դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք այնպիսի հրաշալի պետություն ենք կառուցել, որին այսօր շատերը կարող են նախանձել»։

Եւ արդեն լռիվ Էլոչկա Շչուկինայի ոգով Ալիեւը հայտարարել է. «Թող ոչ ոք մեզ դաս չտա, խորհուրդներ չտա, չսովորեցնի։ Դրա անհրաժեշտությունը չկա»։

--00--ՀԶ