Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

հասարակական

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը․ «Շատ ցավալի, տխուր լուր․․․Մեզնից հեռացավ  «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս,Դավիթ ջան․․»։

Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երեւանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորումը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։

1971-1990 թվականներին Երևանի պետական համալսարանում աշխատել է պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող։ Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Կոմիտեի մյուս անդամների հետ 1989 թվականի հունվարից մայիսը բանտարկված է եղել։

1998-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետը։

1990-1995 թվականներին եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ Եղել է Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։

1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովրդավարական Միության խմբակցության անդամ։

1999 թվականի մայիսի 30-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺՄ խմբակցության անդամ։

2000-2003 թթ. եղել է Պետական գույքի կառավարման նախարար։