Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

322471853_663728298811856_5960694800023443711_n

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի  տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները, ինչպես նաև վերահսկողության միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու քայլերը։

Զեկույցներով հանդես են եկել միջոցառումների իրականացման կողմ կառույցների ներկայացուցիչները, հնչեցրել իրենց տեսակետներն ու կարծիքները։

Այսպիսով՝ դեկտեմբերի 15-ից 29-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2082 հատ սիգ տեսակի ձուկ և 7 կգ ձկնկիթ։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից լճից դուրս են բերվել մեծ թվով ձկնորսական ցանցեր։

Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 3) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.6 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 1) և ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածի հատկանիշներով (թվով 1):

Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կատարված աշխատանքի համար և խնդրել շարունակել վերահսկողության միջոցառումները նույն տեմպով։

Նախարարը հիշեցրել է գործընկերներին, որ սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։

Նախարարը նաև հիշեցրել է, որ արդյունագործական որսաշրջանի կազմակերպման ամբողջ ընթացքում քաղաքականություն մշակող գերատեսչության՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից արվել է հնարավորը ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին ընդառաջելու և ձկան որսը առավել կանոնակարգված իրականացնելու համար և սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված արգելքը ևս այդ կանոնակարգման շրջանակում է՝ միտված լճում սիգի քանակի աճին։

--00—ՅՄ