Մյասնիկյան պողոտայում սպանություն կատարած տղամարդը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Ապրիլի 30-ին, ժամը 23.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի մուտքի մոտ անգիտակից վիճակում գետնին ընկած արնահոսող տղամարդ կա:

Նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից երկու անգամ կրակել է նույն շենքի 53-ամյա բնակչի ուղղությամբ, որը մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, 9 մմ տրամաչափի երկու պարկուճ և մեկ կրակված գնդակ:

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով Տավուշի մարզային վարչության, նույն մարզի ՊԾ ծառայողների հետ, մայիսի 2-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից ավտոկայանատեղիում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Արևշատ գյուղի 41-ամյա բնակիչը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ