«Լիսկա»-ի տղան Գորիսում վիճաբանել ու կրակոց է արձակել, հետո դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

լիսկա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հունիսի 19-ին, վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակարդակի, հավանաբար հրազենի գնդակից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը և ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արմեն Կարապետյանը: 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և մինչ նրան վիրահատարան տեղափոխելը նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկելու հետևանքով: 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Բաղդասարյանն է: 

Կարճ ժամանակում ոստիկանները պարզել են նաև, որ  նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Արցախյան խճուղի 45 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց Ա. Բաղդասարյանի և Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ պահվող հրազենով կրակել է և վնասվածք է պատճառել Ա. Բաղդասարյանին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Տ. Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» Մականվամբ Սուրեն Խաչատրյանի քրեական պատմություններով հայտնի որդին է և նաև օպերատիվ տվյալներ են ստացվել, որ միջադեպը հրահրվել է «Լիսկայի» տղայի կողմից, ով ավտոտեխսպասարկման կետում, ապա դրսում տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ: 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով նախձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)  եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Լիսկայի» որդին կռվից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:

--00—ՍՊ