Ամրանալ ներսում և դրսում. սա է ճանապարհը ազատության, ինքնիշխանության, պետականության հաղթանակի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կոն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին տարելիցի կապակցությամբ հետևյալ գրառումն է արել.

«Այդ օրերին Հայաստանի մի շարք համայնքներում նախընտրական քարոզարշավ էր: Ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո, հայաստանյան հայտնի շրջանակները, առանց մեկ վայրկյան հապաղելու, ձեռնարկեցին ներքաղաքական լարվածության և ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված հերթական դավադիր հարձակումները: Հայաստանը պայքարում էր երկու ճակատով:

Այս օրերին, Ադրբեջանը ՀՀ սահմանների երկայնքով կրկին կենտրոնացնում է մեծ ծավալի ռազմական տեխնիկա` շարունակելով իր ագրեսիվ հռետորաբանությունը: Այս օրերին Երևանում կրկին նախընտրական քարոզարշավ է: Այս օրերին, ներհայաստանյան մի շարք ուժեր, կրկին հարձակում են գործում ՀՀ ինքնիշխանության դեմ` սպառնալով Երևանը վերցնել` ընդհուպ արյամբ: Հայաստանը կրկին պայքարում է երկու ճակատով:

Արտաքին և ներքին այս սպառնալիքների նպատակը` կաթվածահար անել Հայաստանի պետական կյանքը, ներքին կայունությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը:

Իսկ ո՞րը պետք է լինի մեր արձագանքը այս իրավիճակին, սիրելի´ հայրենակիցներ, սիրելի´ երևանցիներ: Ամեն կերպ ամրապնդե´լ մեր ինքնիշխանությունը և պետականությունը, արձանագրե´լ ժողովրդավարական հաղթանակ Երևանում: Ամրանալ դրսում և ներսում: Ամրանալ ներսում և դրսում: Սա է ճանապարհը ազատության, ինքնիշխանության, պետականության հաղթանակի»:

--00—ԼՀ