Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1129026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել  մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ՝ ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակի օպտիմալացման մոդելը, ինչի արդյունքում բուժհաստատությունները կվերազինվեն և, անհրաժեշտության դեպքում, նաև կվերանորոգվեն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված թեմայի շուրջ տեղի է ունեցել  ծավալուն քննարկում:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկվել են  նաև աշխատանքային կարգապահության, փաստաթղթաշրջանառության ճիշտ վարման, հաշվետվությունների ներկայացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման և բուժօգնության կազմակերպման, ուղեգրող հանձնաժողովի դիմումները մարզպետի մոտ քննարկելու, անաշխատունակության թերթիկների տրամադրման, ճամբարների և առողջարանների ուղեգրման համար ներկայացվող փաստաթղթերի ամբողջական լրացման, թափուր հաստիքները օրենքով սահմանված կարգով համալրելու, բուժհիմնարկներում հաշմանդամների համար պայմաններ ապահովելու, դպրոցներում համաճարակային ֆիլտրի ճիշտ կազմակերպման, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների, առաջնահերթ նշանակության այլ խնդիրների կարգավորման հետ կապված հարցերը։

Ներկայացնելով մարզպետի աշխատակազմի կողմից արձանագրված աշխատանքային կարգապահության խախտումները և մասնագիտական գործունեության ընթացքում նկատված թերացումները՝ մարզպետը հրահանգեց բուժհիմնարկների տնօրեններին՝ աշխատանքների հանդեպ դրսևորել խիստ պատասխանատվություն, իրենց դիմած քաղաքացիների հանդեպ՝ բավարար հոգածություն ու մասնագիտական անհրաժեշտ հմտություններ, անթերի կատարել օրենքով սահմանված կարգով իրենց առջև դրված բոլոր պարտականությունները։

--00—ՅՄ