Կոչ եմ անում բացահայտել պատվաստումների նկատմամբ անվստահության պատճառները․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը բացման խոսքում նշել է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումը մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը, որի արդյունքում աշխարհում կտրուկ նվազել են ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Արսեն Թորոսյանն ուշադրություն է դարձրել նաև մարդու պապիլոմավիրուսի պատվաստումների կարևորությանը:

«Հայաստանում տարեցտարի ակտիվանում է հակապատվաստումային շարժումը՝ նպաստելով պատվաստումներից հրաժարվողների թվի աճին: Նման միտումների շարունակության դեպքում կանխատեսվում է Հայաստանում արդեն իսկ վերացված կարմրուկ, կարմրախտ, փայտացում, պոլիոմիելիտ, դիֆթերիա հիվանդությունների  հետվերադարձ  և կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակի առաջացում», - ասել է նախարարը:

«Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը պատվաստումների համատեքստում կարևորել է երեխայի իրավունքը` ապրելու կանխարգելվող վարակիչ հիվանդություններից զերծ միջավայրում: Նա ընդգծել է նաև բուժաշխատողների դերը, ովքեր իրականացնում են առողջության պահպանման համար կարևորագույն առաքելություն և ահռելի ազդեցություն կարող են ունենալ պատվաստումների նկատմամբ ծնողների վստահության ձևավորման գործում` լիարժեք ներկայացնելով պատվաստումների առավելություններն ու կարևորությունը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը ներկայացրել է 2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագրի նպատակների հասանելիության արդյունքները (պոլիոմիելիտից ազատ, կարմրուկից և կարմրախտից էլիմինացված՝ վիրուսների տեղական շրջանառության ընդհատում, նոր պատվաստանյութերով ավելի շատ հիվանդությունների վերահսկում, ֆինանսական կայունություն և այլն), ինչպես նաև` պատվաստումների նկատմամբ անվստահության հիմնական պատճառները:

«Կոչ եմ անում աշխատաժողովի բոլոր մասնակիցներին ակտիվորեն քննարկել և բացահայտել պատվաստումների նկատմամբ անվստահության պատճառները, ոլորտում առկա մտահոգությունները, խնդիրները, խոչընդոտները և լսել դրանց լուծմանը կամ մեղմացմանը հասցեագրված առաջարկությունները», - ասել է Արսեն Թորոսյանը: