Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է,նա չի թաքցնում, որ ուզում է մեզ ոչնչացնել․Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Դավիթ Բաբայան

Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է, նա չի թաքցնում, որ ուզում է մեզ ոչնչացնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Դիմելով ընտրողներին՝ Բաբայանը նշել է, որ հանրապետության առջեւ լուրջ մարտահրավերներ կան՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դաշտում։ «Հակառակորդը չի փոխել մոտեցումները, չի վերանայել իր տեսլականը Ղարաբաղի հարցում։ Նրանց նպատակներն ակնհայտ են։ Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է, նա չի թաքցնում, որ ուզում է ոչնչացնել մեզ»,- նշել է Բաբայանը։

Նրա խոսքերով՝ կան նաեւ ներքին խնդիրներ։ Առաջին հերթին, տեղի են ունենում անհանգստացնող գործընթացներ՝ ավանդական արժեքների ցնցման տեսակետից։ Հայրենասեր քաղաքացիները այլընտրանք չունեն, բացի պետության կառուցմանը մասնակցելուց։ Մենք չենք կարող նավթի պաշարներով հավասարվել Ադրբեջանին, սակայն մենք կարող ենք փոխհատուցել դա հզոր բարոյական համակարգով եւ պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով»,- հայտարարել է Բաբայանը։

«Ոչինչ կանխորոշված չէ, գնացեք ընտրությունների, ասեք ձեր խոսքը։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ ոչինչ կանխորոշված չէ։ Հակառակ դեպքում չէր լինի մեր հաղթանակը եւ ազատագրական պատերազմը»,- հիշեցրել է Բաբայանն՝ ընդգծելով, որ Արցախի Պահպանողական կուսակցությունը ձգտում է պահպանել այն լավը, որ կա Արցախում, եւ բազմապատկել այն։ «Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մենք կշարունակենք պայքարը եւ աշխատանքը»,- շարունակել է կուսակցության ղեկավարը։