ԱՄՆ-ը կարող է ռազմական նշանակության ապրանքների արտադրության մասին օրենք կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

.

Միացյալ Նահանգները վիրուսի պատճառով կարող է ռազմական նշանակության ապրանքների արտադրության մասին Կորեական պատերազմի ժամանակների օրենք կիրառել՝ նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարցին պատրաստվում է արդյոք Վաշինգտոնը կորոնավիրուսի բռնկման պատճառով կիրառել կոնգրեսի կողմից 70 տարի առաջ ընդունված օրենքը՝ բժշկական նշանակության ապրանքների արտադրության արագացման համար, նախարարը նշել է, որ եթե անհրաժեշտ լինի, իրենք այն առանց տատանվելու կկիրառեն:

Օրենքը թույլ է տալիս նախագահին ընդլայնել որոշակի ապարանքների արտադրությունը՝ ազգային անվտանգության նպատակներով։ Այն պետության ղեկավարին թույլ է տալիս, ըստ էության, վերահսկել քաղաքացիական տնտեսության հատվածները եւ ավելացնել արտադրությունը, վերաբաշխել հիմնական պաշարները, ինչպես նաեւ վերահսկողություն սահմանել գների վրա։

«Իրավիճակը կարող է վատանալ եւ, հնարավոր է, անհրաժեշտ լինի թեթեւացնել հիվանդության հետեւանքներն ԱՄՆ-ում»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ եթե հիվանդության դեպքերը լայն տարածում ստանան, ապա նրանք, ում մոտ թեթեւ ախտանշաններ կան, պետք է տանը մնան եւ չդիմեն հիվանդանոցներ՝ բժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ «Մնացեք տանը, բուժվեք, եւ մենք ցուցումներ կտանք, թե որ փուլում դուք կարող եք դիմել բարձր մակարդակի բժշկական օգնության»,- նշել է Ազարը։