Պատրաստ ենք սկսել սահմանազատման գործընթացը, ակնկալում ենք գործընկերների աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ ցանկացած առաջընթացի հասնելու համար չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որում դրանք քննարկվում են: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այստեղ պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց: Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն:

Այս համատեքստում, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին այն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որոնք տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն՝ հումանիտար վտանգ են ներկայացնում: Կան այլ գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում մեր տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա: Մասնավորապես, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, ավարի պուրակի գոյության վրա: Նման պրակտիկա կար. այցելուները կարող էին «հիանալ մանեկեններով», որոնք պատկերում էին գերեվարված, սպանված կամ արյունահոսող հայ զինվորներին: Առավել ցավալի է, որ այնտեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ ադրբեջանցի դպրոցականների համար, ովքեր հպարտությամբ սելֆիներ են անում և տեղադրում դրանք սոցիալական ցանցերում: Օրերս մենք իմացանք, որ մանեկեններն ու մեր մահացած զինվորների սաղավարտները հանվել են պուրակից, և սա, առնվազն, վատ չէ:

Տևական խաղաղության հասնելու մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը: Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը, և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը: Այստեղ պետք է նշեմ, որ առկա խոչընդոտները հաղթահարելու համար շատ կարևոր է բարենպաստ մթնոլորտը: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն այն սահմաններում, որոնք վերջերս խախտվել են Ադրբեջանի կողմից և որտեղ գրեթե պարբերաբար կրակոցներ են հնչում: Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի Սոթք-Խոզնավար հատվածը:

Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում իրականացնել զինված ստորաբաժանումների հայելային դուրսբերում` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը, որն օրինականորեն հիմնավորված է և գրանցված է ԽՍՀՄ քարտեզներով: Այս սահմանի երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ և/կամ միջազգային դիտորդներ: Այս սխեման ստացել է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, և մենք սպասում ենք այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը»,- ասել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր