Դեղերի շուկաներում մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է. ՄՊՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

դեղ

ՀՀ ՄՊՀ-ից հայտնում են, որ հրապարակվել են դեղերի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները. ուսումնասիրված շուկաներում մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է:

Ուսումնասիրությունն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը:

Ուսումնասիրության արդյունքները մասնավորապես ցույց են տվել, որ՝

  • Դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից կազմելով 29:
  • 2019 և 2020 թվականներին ուսումնասիրվող դեղամիջոցներն առավել շատ ներկրվել են Ֆրանսիայից:
  • 2020 թվականին 2019 թվականի համեմատ ուսումնասիրվող ապրանքային շուկաներում առավել խոշոր տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են, ինչը խոսում է մրցակցային միջավայրի բարելավման մասին:
  • Առանձին դեղամիջոցների վերաբերյալ վերլուծությունը ևս ցույց է տվել մրցակցային միջավայրի բարելավում:
  • Որոշ դեպքերում առանձին դեղամիջոցների մանրածախ իրացման գներն աճել են, անկախ այն հանգամանքից, որ տեղի է ունեցել մեծածախ իրացման միջին գների նվազում:
  • Ուսումնասիրված դեղերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ իրացման գները 2020 թվականին 2019 թվականի համեմատ հիմնականում աճել են:

Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ կենսականորեն բարձր նշանակություն ունեցող դեղամիջոցների մանրածախ իրացման գների նվազման տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ գնային կարգավորման քաղաքականության կիրառումը:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ:

--00—ԼՄ