Անասնագողությունը բացահայտվել է դեպքից ավելի քան 2 տարի անց  

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Խոշոր եղջերավոր անասունների գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Թալինի բաժնում ստացվել էր 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը հայտնել էր, որ գիշերը իր գոմից գողացել են 12 ցուլ՝ պատճառելով վեց միլիոն դրամի վնաս: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Պարզ էր, որ դա մեկ հոգու գործ չէր, հանցավոր խմբի մեջ էլ տեղանքին քաջածանոթ մարդ էր եղել: Վարկածը մշակվեց, սակայն արագ արդյունքի հասնել չհաջողվեց:

Հարուցվեց քրեական գործ, ինչի շրջանակներում շարունակվեցին բացահայտման միջոցառումները:

Հետևողականությունը, ի վերջո, արդյունք տվեց, և նախկինում առաջ քաշած վարկածը հաստատվեց ամբողջությամբ: Թալինի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, թե ովքեր էին արել գողությունը. չորսը տուժած անասնապահի համագյուղացի էին, մեկը` Նոր Հաճնի բնակիչ:

Արագածավանի բնակիչներից մեկը ներկայացվել է Թալինի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

 --00—ՀԶ