Հայաստանում Արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի. 67 կողմ, 33 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց օրենքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Հայաստանը կունենա Արտաքին հետախուզական ծառայություն. նախագիծը երկրորդ ընթերմամբ ու ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի այսօրվա նիստում։ Նախագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ էր 33 պատգամավոր։

Ըստ նախագծի՝ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք ու այդ համայնքում կարևոր դերակատրություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը։ Ծառայությունը կլինի վարչապետին ենթակա մարմին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման ընդունումից երեք տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել:

Արտաքին հետախուզական ծառայության պետը կդառնա ՀՀ անվտանգության խորհրդի անդամ։

Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգության կայացման համար Արտաքին հետախուզության ծառայությունը կարևոր դեր է կատարելու:

«Երկարաժամկետ կտրվածքով այս ինստիտուտը ծառայելու է Հայաստանին ու, եթե որևէ քաղաքական գործիչ իրեն երկարաժամկետ պատկերացնում է քաղաքականության մեջ, ապա շատ մեծ կարևորություն պետք է տա այս ինստիտուտի կայացմանը», - նշել էր Գրիգորյանը։

--00—ԼՄ