էներգետիկ ճգնաժամը խորանում է Արցախում․ հովհարային անջատումներ կլինեն արդեն օրական 4 ժամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

mailservice-3.jpg

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 16.01.2023թ. դրությամբ։

Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հանգեցնելով օրական 4-ժամյա հոսանքազրկման:

Հունվարի 17–ից հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն․ 2 ժամի փոխարեն Արցախի բնակչությունն արդեն օրական 4 ժամով կհոսանքազրկվի։
Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։ Խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու նպատակով, Արցախի կառավարությունը հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկում՝ էլեկտրաէներգիայի արտադրման եղած պաշարները խնայելու ուղղությամբ։

Ինչ է դա նշանակում

Ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը շարունակում է բախվել կենսական կարիքների բավարարման լուրջ դժվարությունների հետ: Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, նախադպրոցական հաստատություններ և հանրակրթական դպրոցներ ստիպված դադարեցրել կամ խիստ սահմանափակել են իրենց գործունեությունը:
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ պատգամավորների հետ:

Երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը:
Նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակումներ է կատարել:

Նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակումներ է կատարել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի հերթական նիստը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ մշակելու նպատակով:

Քննարկվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Օրվա վիճակագրական թարմացումներ
13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 142 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 430 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 14,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 37 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

--00—ԶՀ