Արցախում տեղումները մեղմում են էներգետիկ ճգնաժամը, սակայն տոտալ շրջափակումը իրավիճակը ծանրացնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1113865_v1.thumb_.png

Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն Արցախում որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց  չեն կարող վերականգնել ներկայում էլեկտրաէներգիայի հիմնական ռեսուրս  հանդիսացող Սարսանգի ջրամբարի նախկին պաշարները:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  նշեց  Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:

«Ջրամբարի  ծավալի  վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարի խոչընդոտել Հայաստանի Հանրապետությունից Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերականգնումը: Այդ պարագայում ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել ջրամբարի ռեսուրսները, և մոտ մեկ տարվա ընթացքում կվերականգնվի նախկին ծավալը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Արցախի կառավարությունը տարբեր միջոցառումներով, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատման միջոցով, ջրամբարում որոշակի ջրային պաշարներ է փորձում կուտակել՝ առաջիկա ամիսներին և հատկապես ձմռանն ավելի արդյունավետ դիմակայելու խորացող էներգետիկ ճգնաժամին:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սահմանափակ հումանիտար բեռների տեղափոխման հնարավորության պարագայում Կառավարությունը նախատեսում էր իրագործել այլընտրանքային էներգիայի օգտագործման ծրագիր, սակայն օրեր առաջ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչն անհնար է դարձրել անհրաժեշտ սարքավորումների  ներկրումը: Իրավիճակի շարունակականության պարագայում էներգետիկ ճգնաժամը սպասվածից ավելի ծանր կարող է լինել:

--00--ԶՀ