Մեզ փրկիչներ պետք չեն, խնդրում ենք հասկանալ և մեզ հանգիստ թողնել. Հայրիյանը՝ Վարդանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

MyCollages

Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը ֆեյսբուքյան իր էջում Ռուբեն Վարդանյանին ուղղված հերթական գրառումն է արել՝ հայտարարելով, որ արցախցիներին փրկիչներ հարկավոր չեն, փոխարենը՝ պետք է ընդամենը հանգիստ թողնել ժողովրդին:

«Մի՞թե մենք չունենք մեզանից հեռու մնալու պահանջ ներկայացնելու իրավունք, մենք չենք ուզում Ձեր փրկչական ծառայությունը, հանգիստ թողեք մեզ ու մեր ժողովրդին։ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում ես, վերջնականապես համոզվել էինք տասնամյակներ շարունակ մեր երկրում իրականացված կառավարման սխալ ու կործանարար լինելու մեջ:

Պատերազմից հետո Արցախում քաոսի հանգեցնող ցանկացած գործողություն կարող էր իրականություն դառնալ: Բարեբախտաբար ողջամտությունը և պետականության պահպանման գաղափարը պահպանվել էր գրեթե բոլորի մոտ, այդ պատճառով թեև մեծ դժվարությամբ, բայց ստիպված եղանք հանդուրժել որոշակի մարդկանց, որոշակի իրավիճակներ՝ լծվելով պետությունը ոտքի կանգնեցնելու գործին:

Երկու տարում Արցախը նորից կանգնել էր մեր սրբազան հողի վրա, արցախցու դեմքին նորից ժպիտ երևաց: Բայց այդ ընթացքում, երբ մեզանից յուրաքանչյուրը փորձում էր մի փոքր ներդրում ունենալ մեր առջև ծառացած խնդիրների լուծման գործում, կրկին մեկնարկեց իշխանությանը տիրանալու մրցավազքը, կրկին այս օրհասական վիճակի համար ամենապատասխանատու մարդկանց միջև:

Հարգելի հայրենակիցներ, նորից ու նորից հայտարարում եմ, նախկին իշխանությունների վերադարձի անթույլատրելիության և գործող իշխանությունների՝ այդ թվում նախագահ Արայիկ Հարությունյանի հեռանալու պայմաններն անսակարկելի են, մենք պետք է վերջնականապես ցույց տանք, որ Արցախի տերը մենք ենք և որևէ մեկը մեզանից այն խլել չի կարող: 2020թ. նոյեմբերի 9-ից մեր առջև դրված խնդիրը պետք է իրականություն դարձնենք, կշռադատված քայլերով, առանց զգացմունքայնությանը տրվելու գնանք առաջ:

Որևէ մեկը, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, չի կարող մեզ զրկել մեր երկրի տերը լինելու իրավունքից: Մեզ խանգարել պետք չէ, մեզ կարգված փրկիչներ պետք չեն, մեր վզին փաթաթվել պետք չէ, խնդրում ենք հասկանալ սա և մեր ժողովրդին հանգիստ թողնել: Մի՞թե մենք չունենք մեզանից հեռու մնալու պահանջ ներկայացնելու իրավունք, մենք չենք ուզում Ձեր փրկչական ծառայությունը, հանգիստ թողեք մեզ ու մեր ժողովրդին, իսկ եթե ուզում եք ապրել մեզ հետ, ապա խնդրեմ, մենք անսահման հյուրընկալ ենք»:

--00—ՅՄ