Պետությունը պետք է կանգնեցնի թմրաշրջանառության կործանարար ընթացքը․ Ագնեսա Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

agnes

ԱԺ-ում ելույթով եմ հանդես եկել մի խնդրի մասին է, որն այսօր չլուծելու, կանխարգելիչ աշխատանքներ չիրականացնելու պարագայում, վաղն այն դառնալու է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, եւ սա չափազանցություն չէ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը․



«Խոսքը թմրանյութերի շրջանառության ծավալների աճի եւ այդ շրջանառության ձեւի փոփոխության մասին է։ Վիճակագրությունը, ամենամեղմ ձեւակերպման դեպքում, խիստ մտահոգիչ է․ դինամիկ աճը տերեցտարի հստակ է:

Այսպես. 2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին՝ ուշադրություն 2266 դեպք, նախորդ տարվա 1544-ի դիմաց գրանցվել է աճ 47 տոկոս։ Եւ սրանք միայն արձանագրված պաշտոնական թվերն են»,- նշելէ նա։

Պատգամավորի խոսքով՝ դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի, իսկ մեծամասամբ տելեգրամ ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ, որոնց գովազդները կարելի է տեսնել դպրոցների պատերից սկսած մինչեւ կանգառներ։ Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների տարածվածության խնդրի ծավալները պատկերացնելու համար նշեմ, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում 2022թ․-ի տարեսկզբին ստեղծվել է առանձին բաժին․

«Միայն այս բաժնի կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառաքով զբաղվող 435 տելեգրամյան, այսպես կոչված շոփ, 35 ալիք, նաեւ 100-ից ավել այսպես կոչված չաթեր, ուր քննարկումներ են ծավալվում այս կամ այն տելեգրամյան ալիքի մատուցած ծառայությունների որակի, կամ այդ որակի բացակայության մասին: Շեշտում եմ՝ սրանք դեռ պաշտոնական տվյալներն են:

Թմրամիջոցների մաքսանենգության մասով էլ նորամուծություններ կան․ օրինակ 2022թ․-ին դեպքերի 76 տոկոսը կատարվել է փոստային առաքանիների միջոցով: Թմրանյութի համար գումարն էլ մեծամասամբ փոխանցվում է էլեկտրոնային դրամապանակներին, տարածված են բիթքոյնով վճարումները:

Համացանցով հիմնական վաճառվող թմրանյութերը դրանք սինթետիկ թմրանյութերն են, ամենատարածվածը՝ մետամֆետամինը: Հենց այս չարիքն է երիտասարդների շրջանում ամենաշատ իրացվողը, կամ իրացվողներից մեկը: Մասնագետների, հոգեբանների հետ զրույցները ցույց են տալիս, որ իրազեկման լրջագույն բացեր ունենք այստեղ. թմրանյութ օգտագործող երիտասարդների զգալի հատվածը համոզված է եղել, որ օրինակ մեթամֆետամինը կախվածություն չի առաջացնում: Դա այդպես չէ, սիրելի երիտասարդներ, այդ սինթետիկ թմրամիջոցը հանդիսանում է կախվածության բարձր աստիճանի հոգեխթանիչ, դրա երկար օգտագործումը վնասում է գլխուղեղը եւ այլ ծանր հետեւանքներ է առաջացնում ձեր ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը:

Ցավով պետք է արձանագրեմ, որ թմրանյութ օգտագործողների տարիքային շեմը երիտասարդացել է, ավելացել է օգտագործող կանանց թիվը, անչափահասների թիվը:

Սա այն ինֆորմացիայի քիչ մասն է, որ այստեղ հասցրեցի ներկայացնել, ակնհայտ է՝ իրազեկման լրջագույն աշխատանքներին զուգահեռ, պետք են կանխարգելիչ հստակ աշխատանքներ, պետք է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն: Սա լրջագույն սպառնալիք է պետությունը պետք է կանգնեցնի այս կործանարար ընթացքը՝ բոլոր հնարավոր եւ անհնարին լծակները գործի դնելով, հակառակ դեպքում հիմնավոր կարող են դառնալ կասկածները, որ այս ամենը տեղի է ունենում իշխանության ներկայացուցիչների հովանավորչության ներքո»,- ասել է Խամոյանը։ 



 

--00—ՍՊ