Վարչապետի ու անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումն անցել է լարված մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

nikol

Այսօր՝ մայիսի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներին: Դա եղել է այն բանից հետո, երբ ծնողները մայիսի 2-ի լույս երեքի ամբողջ գիշերն անցկացրել են կառավարական ամառանոցների դիմաց և պահանջել հանդիպում վարչապետի հետ: Ծնողների խոսքով, եթե չլիներ այդ ակցիան, այսօր վարչապետը նրանց չէր էլ ընդունի: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:



Մոտ 3,5 ժամ տևած հանդիպումից ոչ մի նորություն ու էական դրվագներ չեն բացահայտվել: 

Ծնողներից մի քանիսն անգամ չեն սպասել հանդիպման ավարտին և ընթացքից դուրս են եկել՝ պատճառաբանելով, որ նյարդայնացել են վարչապետի հետ խոսակցությունից։ 



Ծնողներից մեկը 24News-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետ Փաշինյանն իրենց ասել է՝ «ի՞նչ եք ուզում, իմ տղեն էլ գնա զոհվի՞, պատերազի ժամանակ իմ ընտանիքը եղել է առաջնագծում»։



Ըստ անհետ կորած զինծառայողի ծնողի, մեկ այլ դրվագում էլ կառավարության ղեկավարն ասել է, թե «եթե իմանայինք ձեր երեխաների տեղը, անհայտ չէին լինի՝ նշելով նաև, որ իր պապը երկրորդ հայրենականից հետո չի վերադարձել ու համարվում է անհետ կորած» ու «որպես սփոփանք էլ ծնողներին հորդորել է նոր երեխաներ ունենալ»։



Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԱԾ տնօրենը, զինդատախազը, քննչական կոմիտեի ղեկավարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Հանդիպման ավարտից հետո ծնողներից մեկին վարչապետի կողմից կոնյակ և քաղցրավենիք են փոխանցել, ըստ երևույթին, երեխայի ծննդյան կապակցությամբ, ինչը բարկացրել է անհետ կորածի ծնողին և վերջինս վրդովված կառավարության շենքի դիմաց ասել է. «Եթե դուք ծախվել եք, չի նշանակում՝ ես էլ եմ ծախվում»:

--00—ՍՊ