Սևանում հանդիպեցի բռնի տեղահանված կանանց հետ, գրություն եմ պատրաստել համապատասխան գերատեսչությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

photo_2023-10-21_10-30-29

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում հանդիպում ունեցա Արցախից բռնի տեղահանված կանանց հետ։

Հանդիպման մասնակիցները կիսվեցին իրենց պատմություններով և հիմնական կարիքներով՝ մի շարք խնդիրների համար խնդրելով շուտափույթ լուծումներ։ Տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները հիմնականում վերաբերում էին՝

🔹Հայաստանում մշտական կեցավայր ունենալու անհրաժեշտությանը,

🔹Հայաստանում իրենց գոյության պահպանման համար մշտական զբաղվածություն ունենալուն,

🔹Փաստաթղթային խնդիրների լուծմանը. կորցրած անձնագրերը, ադրբեջանական առևանգումներից խուսափելու համար այրած զինգրքույկների, ավտոմեքենաների վկայականների և մի շարք այլ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը լուրջ խոչընդոտներ են ստեղծում աշխատանքի անցնելու, սոցիալական ծառայություններից օգտվելու, ինչպես նաև հարյուր հազարական միանվագ դրամական աջակցության ստացման հարցերում,

🔹Բուհական հաստատություններում տարբերության քննությունների պատճառով ուսանողների ներգրավման խոչընդոտներին, ուսման բարձր վարձավճարների փոխհատուցմանը կամ զեղչերի տրամադրմանը,

🔹Նախադպրոցական հաստատություններում ազատ տեղերի բացակայության պատճառով երեխաներին մանկապարտեզներում ներգրավման խնդիրներին։

☑️ Չնայած թվարկված խնդիրներին և ստեղծված ծանր իրավիճակին՝ արարող արցախցի կանայք չեն կորցրել արժանապատիվ ապրելու իրենց ձգտումը և պատրաստակամ են ինտեգրվել ու զարգացնել իրենց համայնքը, որի շուրջ արդյունավետ զրույց ունեցանք՝ քննարկելով իրենց իսկ առաջարկներն ու գաղափարները։ 

Շարունակելու եմ հետևողական լինել վերոնշյալ և մի շարք այլ հարցերի՝ արագացված ընթացակարգով կարգավորմանը։

Բարձրացված խնդիրների մասին արդեն անհրաժեշտ գրություններ եմ պատրաստել համապատասխան գերատեսչություններին և սպասելու եմ արձագանքների՝ ձեռնարկվելիք քայլերի իրագործման համար։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։

--00—ՅՄ