Ford Transit-ը կոտրել է ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու հայտնվել խաղողի այգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

վթ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում բախվել է ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչին պատկանող խաղողի այգու տարածքում:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:



Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:



Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը ու ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լևոն Անտոնյանը:



Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլպպ Ստեփանյանը:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ