Հերթերից խուսափելու համար ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպումներն իրականացնել հնարավորինս շուտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

f500f6f315d4e0013eff8d442045e4d4_v1.thumb_

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ՀՀ ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը: 

Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից պետական բյուջե  է վճարվել  մոտ մեկ միլիարդ ՀՀ դրամ:

Կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների  մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրից  շահառուները կարող են օգտվել դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ մաքսազերծելով տրանսպորտային միջոցները Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, երկուշաբթիից-շաբաթ, ժամը` 08:30-19:00-ն:

Հավելյան հերթերից և կուտակումներից խուսափելու, ինչպես նաև Հյուսիսային մաքսատուն-վարչությունում պատշաճ և արագ սպասարկում ապահովելու նպատակով ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին մաքսային ձևակերպումներն իրականացնել հնարավորինս շուտ և ժամանակին՝ գործընթացը չթողնելով սահմանված ժամկետի վերջին օրերին:

--00—ՅՄ