ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու մարզադաշտի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ГАЗель» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենաներն ամբողջությամբ վերածվել են մոխարակույտի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդների ինքնությունը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
--00—ՅՄ