«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ապ.p

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Միևնույն ժամանակ, կուսակցության համար սկզբունքային է հետևյալը՝

• Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը,

• Պետք է բացառվի այսպես կոչված «ժամանակավոր կառավարության» ստեղծումը, հետևաբար գործող խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը,

• Վարչապետի հրաժարականից անմիջապես հետո պետք է տեղի ունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ,

• Հայաստանում իշխանությունը և նոր վարչապետը պետք է ընտրվի բացառապես ժողովրդի կողմից՝ բացառելով մի խումբ անձանց կողմից ստվերային պայմանավորվածությունների արդյունքում իշխանության ձևավորումը։

Վերոգրյալը ոչ միայն կնպաստի շարժման ակտիվացմանն ու համաժողովրդականացմանը, այլև կփարատի հանրության արդարացի մտահոգությունը իշխանության և պետության առաջնորդության ձևավորման ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության համատեքստում։

--00—ԼՀ