Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են 2021-2023թթ. համագործակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Հասարակական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ Ստեփանակերտի պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել եւ ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաեւ Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին:

Երեւանի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ ստորագրվել է 2021-2023 թթ. համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները: Այն հնարավորություն կտա փոխգործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

«Երեւանն ու Ստեփանակերտը մշտապես համագործակցել են տարբեր բնագավառներում, եւ մենք ունեինք ծրագիր, որով շարժվում էինք առաջ: Ցավոք սրտի, եղավ պատերազմը եւ մեր ծրագրերը փոխվեցին: Հիմա շատ կարեւոր է հետպատերազմյան իրավիճակում Ստեփանակերտի վերականգնումն ու մուտքը բնականոն կյանք: Երեւանը մշտապես եղել է, կա եւ կլինի Ստեփանակերտի կողքին, մանավանդ այս դժվարին օրերին: Ստորագրված փաստաթուղթը փաստացի մեր առաջիկա տարիների համագործակցության ծրագրին է, դրանում տեղ են գտել երկու քաղաքների ավագանիների եւ ստորաբաժանումների ղեկավարների առաջարկները: Կսկսենք այսօր, կշարունակենք առաջիկա տարիներին եւ պե՛տք է վերականգնենք Ստեփանակերտը», - ընդգծել է Հայկ Մարությանը:

«Պատերազմի դժվարին օրերին մենք միշտ ենք զգացել Երեւանի աջակցությունը: Տեղյակ եք, որ ֆինանսական զգալի օգնություն է մեզ տրամադրվել եւ, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Երեւանի քաղաքապետին ու ավագանու անդամներին՝ նման որոշման համար: Այդ միջոցները տրամադրվել են ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը: Երկու քաղաքների միջեւ կնքված պայմանագրի նպատակը եւս համատեղ ջանքերով հայկական երկրորդ մայրաքաղաքի վերականգնումն է»,- նշել է Դավիթ Սարգսյանը:

Որպես «Երեւան-Ստեփանակերտ» թարմացված համագործակցության ծրագրերի մեկնարկ՝ մայիսի 30-ին Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին ծանոթացել են նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Երկու քաղաքապետերը շրջել են տաղավարներում, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այցելուները հնարավորություն ունեին համտեսելու, ինչպես նաեւ գնելու արցախյան սննդամթերք, խմիչք: Առանձին տաղավարներով ներկայացված էին նաեւ արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը եւ ձեռագործ աշխատանքները: Արցախի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:

--00--ԿԿ