35-ամյա դվինցին՝ թմրամիջոցը գրպանում, լողափ էր գնացել. ոստիկանները բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Ամռանը հատկապես հանգստի գոտիներում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիների վարք ու բարքին առավել ուշադիր են, ծառայության մեջ զգոն, ինչն առանձնակի կարևոր է թե՛ հասարակական կարգի ապահովման և թե՛ հանցագործությունների բացահայտման գործում: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ օգոստոսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները թմրանյութ հայտնաբերեցին:

Ժամը 18-ի սահմաններում ոստիկանները համատեղ ծառայություն կատարելու ընթացքում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևանա թերակղզու հարավային լողափից բաժին բերման ենթարկեցին Դվին գյուղի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:

Ըստ 35-ամյա տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից` ծխելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է:

--00—ԼՄ