Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «տարածքային ամբողջականությունը ճանաչող համաձայնագիր» կնքել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

դր

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և խաղաղության պայմանագիր ստորագրել, որը կճանաչի երկու պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, որը կճանաչի երկու պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ադրբեջանը նաեւ աջակցում է սահմանների սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մեկնարկին»,- ասել է Ասադովը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության եւ ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի խաղաղապահ ջանքերը, անկասկած, ծառայում են խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը Հարավային Կովկասում։

Ըստ Ասադովի՝ Ադրբեջանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կողմնակիցն է, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար կարևոր նշանակություն կունենա։

«Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլեւ տարածաշրջանի մյուս երկրները»,-ասել է նա և ընդգծել, թե իբր Հայաստանի հետ հակամարտությունն անցյալում է` ընդգծելով, որ Բաքուն հանդես է գալիս միջազգային իրավունքի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջեւ սահմանի շուտափույթ սահմանազատման եւ սահմանագծման օգտին։

«Ադրբեջանը երբեք չի հավակնել օտար տարածքների, սակայն իր հողից ոչ մի թիզ չի զիջի»,- ասել է Ասադովը։ 

--00—ԼՄ