Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մեր գլխավոր նպատակներից մեկն է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Խաղաղության պայմանագրի կնքմամբ և բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերջերս բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկը հենց խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Մենք, այո, դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվի: Եթե մենք խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի ասել, որ չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին: Դա մեր կարևոր նպատակներից մեկն է` համապարփակ լուծումը, համապարփակ խաղաղության պայմանագիրը: Մենք չենք հրաժարվել քննարկումներից և չենք էլ հրաժարվելու»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց`  մեծ հաշվով այս բանակցություններում խոսում են նաև խաղաղության պայմանագրի հնարավոր դրույթների բովանդակության մասին: Վարչապետը նշեց, որ քարոզչական քաոսի պատճառով անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն դեմ է դեմարկացիային և դելիմիտացիային:

«Չկա նման բան; Ես դեռ մայիսին` ընտրություններից առաջ եմ ասել, փաստաթուղթ է հրապարակվել, ասել եմ` պատրաստ եմ ստորագրել, տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք: Իհարկե, դեմ չենք»,- նշեց նա: 

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը փորձելու են այնպես անել` այդ պայմանագրում իրենց շահերն արտահայտված լինեն, բայց եթե ձևավորվի մոդել, որ ձեռնտու կլինի և ՀՀ-ին, և Ադրբեջանին, գուցե բանակցային սեղանը պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի:

--00--ԱԹ