Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չպետք է մղի ԼՂ-ում էթնիկ զտումների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ագն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:

Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Նշյալի վկայությունն է նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից:

Աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն: Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար:

Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով։

Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով:

--00--ՍՊ