Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, նա տնային կալանքի տակ է․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը 2 օր առաջ ձերբակալվել էր դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։

Անդրադառնալով Տիգրան Առաքելյանի կողմից արված այն հայտարարություններին, թե ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն անձամբ խոշտանգել է իրեն՝ Աբրահամյանն ասաց. «Անհիմն ու օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում: Դրա համար կա իրավական ընթացակարգ՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ: Եթե անձի նկատմամբ կատարվել է խոշտանգում, նրան ոչինչ չի կաշկանդում այդ ընթացակարգից օգտվել»:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը տեսագրություն էր տարածել, որում, մասնավորաբար, նշում էր, որ իրեն խոշտանգել, վրան ջուր է լցրել և էլեկտրաշոկով հարվածել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ