Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների մեջ խուճապ տարածել․ ԱՀ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

8766418aea382d9e40382f5e145d4821_M

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԱԾ-ն։

Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չարձագանքել նման գրառումների, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել պաշտոնական լրահոսին։

Կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

--00—ՅՄ