Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

մա

Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանի ուղերձ է հղել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցութամբ։

Ուղերձում ասվում է. «Սիրելի ժողովուրդ,

Այսօր համայն հայությունն ու առաջադեմ մարդկությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Իհարկե, ցեղասպանությունը չի սկսվել 1915-ի ապրիլի 24-ին։ Այն սկսվել է դրանից առաջ եւ շարունակվում է մինչեւ օրս։ Հայերի նկատմամբ ցեղասպանության վերջին ամենաաղաղակող ակտը կատարվեց 2023-ի սեպտեմբերին, երբ Արցախի ամբողջ բնակչությունը հարկադրված լքեց իր տունը՝ իր պատմական հայրենիքում ապրելու անհնարինության պայմաններում։ Եվ անշուշտ, 2023-ը հետեւանքն է 1915-ի ժխտողականության։

Մենք կարող ենք գեղեցիկ տեքստեր ասել խաղաղ գոյակցության անհրաժեշտության մասին։ Իհարկե, յուրաքանչյուր բանական էակ ձգտում է խաղաղության։ Եվ հենց հանուն տեւական խաղաղության, հանուն արժանապատիվ ու անկեղծ երկխոսության, պետք է իրերը կոչել իրենց անուններով։

Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից, այլեւ պարզապես անարդյունավետ կլիներ։ Որովհետեւ իր հանցանքը ժխտող ոճրագործից հնարավոր չէ ակնկալել, որ հանցանքը չի կրկնվելու։ Ամենածանր հանցանքն իսկ ներելի կլիներ, եթե լիներ զղջում, եւ հակառակը՝ ոչինչ հնարավոր չէ մոռանալ եւ ներել, եթե չկա հանցանքի գիտակցությունն անգամ։

Սիրելի հայրենակիցներ։ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը մեր հասարակությունը սովորաբար լուռ է սգում։ Այսօր, ցավոք,  մեր մեջ կասկածի ցեց են գցել, ու ոգեկոչման խոսքերից բացի, մենք ստիպված ենք վերահաստատել մեր միասնական դիրքորոշումը եւ մի քանի պարզ ճշմարտություններ արձանագրել։ 

- Ոճրագործության մեղավորը կամ պատասխանատուն չի՛ կարող զոհը լինել։ Ոճրագործության պատասխանատուն ոճրագործն է։ Սա հնարավոր չէ թաքցնել պաշտոնական ուղերձների ճոռոմ բառերի հետեւում, որոնք ասվում են արտաքին ճնշման կամ ներքին քաղաքական նպատակահարմարության բերումով։

- Ազգի ու հասարակության ինքնության հետ տարվող էքսպերիմենտները ծայրահեղ վտանգավոր են եւ կարող են ողբերգական ավարտ ունենալ, առաջին հերթին «փորձարարների» համար։ 

- Եվ վերջապես՝ արժանապատիվ հաշտությունն ու համակեցությունը անհրաժեշտ են եւ միանգամայն հնարավոր։ Սակայն դրա շուրջ խոսակցություն չի կարող վարել մեկը, ով իր կարիերայի ընթացքում քանիցս տրամագծորեն փոխել է իր քաղաքական ինքնությունը՝ ինքն էլ խճճվելով իր հորինած կեղծ իրականության մեջ։ Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին։

Մեր սուրբ նահատակների հիշատակը թող ուժ եւ իմաստնություն տա մեզ, եւ Աստված մեզ պահապան։

--00—ԼՀ