Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ՔՈԳՎ բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրեցին՝ համագործակցելով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։

Մայիսի 4-ի ժամը 18.40-ին Մեղրիի մաքսակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 47-ամյա տղամարդու վարած «VOLVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Վարորդի խցիկի սառնարանում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 207,29 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն զանգվածով:

47-ամյա տղամարդը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ

47-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա կալանավորվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ