Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

1137753

Գիշերվա ընթացքում Ռուսաստանի զինվորականները Բելգորոդի մարզի երկնքում խոցել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասնյակ արկեր և 3 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ի պայթյունի պատճառով 1 կին է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հակաօդային պաշտպանության միջոցներով գիշերը տեղի ունեցած հարձակումը հետ մղելու մասին։

«ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է ՀԿՌՀ  երեք «Օլխա» արկ, ՀԿՌՀ Vampire համակարգի 32 ռեակտիվ արկ և երեք անօդաչու թռչող սարք», - ասվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում: Իսկ առավոտյան Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության կողմից մարզին մոտեցող մի քանի օդային թիրախ է խոցվել։

Ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ ԱԹՍ-ի ընկնելու և պայթյունի պատճառով երկհարկանի տան երկրորդ հարկը փլուզվել է, զոհվել է 1 կին։ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել են մոտակայքում գտնվող մասնավոր տները։ Իսկ արկերի ուղղակի հարվածների հետևանքով, Գլադկովի տեղեկացմամբ, վնասվել է երկու մանկական ճամբարի տարածք։

--00—ՅՄ