Բելգորոդի մարզում բնակիչներին հորդորել են տուն չվերադառնալ դիվերսանտների դեմ գործողության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

181c7270-d240-4d1c-a5a8-c041fcd25b58.jpg

ՌԴ ուժային կառույցները շարունակում են գործողությունները Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանում, ուր, ըստ տեղի իշխանությունների, ներխուժել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ ուժային կառույցներին զուգահեռ տեղում աշխատում է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գլադկովը Գրայվորոնսկի շրջանի տարհանված բնակիչներին հորդորել է առայժմ չվերադառնալ իրենց տները: Նա նաև հաղորդել է երկու վիրավորի մասին: Ավելի ուշ կատարված գրառման մեջ նահանգապետը հայտնել է, որ վիրավոր ընտանեկան զույգին տեղափոխել են հիվանդանոց: Կնոջ մոտ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ են, իսկ տղամարդու մոտ՝ կրծքավանդակի վնասվածք:

Իսկ տարհանման ժամանակ, ըստ նահանգապետի, մահացել է 82-ամյա մի կին: Դա տեղի է ունեցել, երբ նա իր որդու և նրա կնոջ հետ ավտոբուսում է եղել: Կնոջ մահվան պատճառները պարզվում են:

Ըստ նահանգապետի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարվածները շարունակվում են: Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի երկնքում ՀՕՊ համակարգերն ԱԹՍ են խոցել: Տուժածներ չկան:

РИА Новости-ն նշում է, որ նախօրեին Գրայվորոն քաղաքը և հարևան գյուղերը ուկրաինական ուժերի կողմից ենթարկվել են ականանետային գնդակոծության, որի հետևանքով կա 8 վիրավոր: Գնդակոծությունից հետո, ըստ հրապարակման, տարածք են ներխուժել մի խումբ դիվերսանտներ: Բելգորոդի մարզում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ գործողությունն իրականացնում են Ռուսաստանի քաղաքացիներից կազմված խմբավորումները, որոնց նպատակն է «անվտանգության գիծ» ստեղծել:

--00—ԶՀ