ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անձի մասին աղաղակող հերհյուրանքների և սուտ տեղեկատվության տարածման ճղճիմ գործընթաց է սկսվել, որի նպատակը Սրբազանին անվանարկելն ու հանրության մոտ նրա բարձր հեղինակությունը սասանելն է։
Բագրատ Սրբազանի անցած ուղին, նրա հոգևոր ծառայությունը անկասկած արժանի է մեծ գնահատանքի, հարգանքի ու աջակցության, և հատկապես նրա ներկայիս ստանձնած դերակատարությունը՝ կապված Տավուշի մարզի մեր հայրենակիցների արդար ցասման և շահերի պաշտպանության հետ: Սրբազանը ոչ միայն դեմ է արտահայտվել իշխանության ապազգային և հակապետական գործողություններին, այլև հոգևոր ու կազմակերպչական առաջնորդություն է ստանձնել մի կարևոր ժողովրդական շարժման, որի մասնակիցները դատապարտում են ներկայիս իշխանությունների ապազգային ու դավաճանական կեցվածքը, վարքագիծն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն վնաս են հասցրել և դեռ հասցնելու են մեր Հայրենիքին։
Բագրատ Սրբազանի հեղինակությունը խարխլել փորձողների ցուցումներով տարածվող սուտ և կեղծ տեղեկությունները քաղաքական պայքարի անընդունելի և ոչ արժանապատիվ մեթոդ են։ Սա վկայում է ոչ միայն իշխանության որոշակի շրջանակների բարոյականության լիակատար կորստի մասին, այլև Հայ Առաքելական եկեղեցու և ժողովրդի միասնական ուժի նկատմամբ նրանց վախի մասին, քանի որ հոգևոր առաջնորդությամբ ժողովուրդը պատրաստ է կանգնել ոչ միայն ճշմարտության համար, այլև ցուցադրում է իր՝ իշխանափոխության օրակարգ ձևավորելու պատրաստակամությունը՝ գործադրելով ջանքեր դրա փաստացի իրագործման համար:
Մեր հողի, Հայրենիքի և արդարության պաշտպանության համար պայքարող բողոքի ցույցերի հոգևոր առաջնորդի հասցեին սուտ ու զրպարտություն տարածելը պետք է կտրականապես դատապարտվի յուրաքանչյուր հանրային գործչի և ազնիվ քաղաքացու կողմից։ Բագրատ Սրբազանին և նրա ստանձնած առաքելությանը պաշտպան կանգնելն ու աջակցելը ոչ միայն ճշմարտությանն աջակցել է նշանակում, այլ նաև երաշխիք է այն ընկալման, ըստ որի մենք դեռևս ունենք մեր արմատներին ու սկզբունքներին հավատարիմ մնալու կարողություն։
Մենք պետք է պայքարենք մանիպուլյացիայի և ստի ցանկացած դրսևորման դեմ, քանի որ դրանք են հասցրել մեզ այսօրվա ողորմելի և դառը իրականություն»։
--00—ԼՀ