Չենք կարող թշնամի դառնալ միմյանց․ մեզ ժառանգություն է մնացել մի փոքրիկ հողակտոր․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«28 տարի առաջ այս օրը Հայաստանում տոն էր, բոլորն ուրախ էին, երգ, պար . . .

Հիմք էր դրվում նոր պետության, Հայկական պետության, իրականություն էր դառնում մեծ պատմական երազանք, հայրերի ու պապերի պայքարի, արյան, մաքառման, հերոսական հաղթանակների ու ծանր պարտությունների բազմադարյա շրջափուլի հաղթական ավարտ . . .

Բայց իրականում դա դեռ սկիզբն էր նոր պայքարի, հաղթանակների ու պարտությունների, հերոսների ու դավաճանների երկար գրանցամատյանի կազմման համար, ազգային պետության ու պետականության կերտման ու ամրացման դժվարին ու երկար նոր քարքարոտ ճանապարհի։

Արդեն 28 տարեկան ենք, մեծացել ենք ու հասունացել, և թևակոխել ենք պատմական էվոլյուցիայի նոր, շատ ավելի կարևոր ու վճռական շրջափուլ՝ ռեվոլյուցիոն դրսևորումներով։

Ես հավատում եմ, որ դեպի ամուր պետականության մեր ճանապարհն անկասելի, իսկ բոլոր տեսակի փորձությունների միջից մենք դուրս կգանք պատվով, կլինենք առավել թրծված, կուռ և միասնական։

Առջևում մեզ սպասում են նոր հաղթանակներ, ձեռքբերումներ, փորձություններ, սխալներ և ձախողումները, բայց ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ շեղել Հայկական երիտասարդ պետականությունը ամրապնդելու պատմական առաքելությունից։

Մեզ կփորձեն բաժանել, գունավորել, դասակարգել, բորբոքել թշնամության ու ատելության կրակը՝ տաքացնելով օտար ձեռքերը մեր վառվող հոգիների ջերմությամբ։

Բայց զուր է, չի ստացվելու, մենք չենք կարող իրար ատել, թշնամի դառնալ միմյանց, քանզի մեզ ժառանգություն է մնացել մի փոքրիկ հողակտոր, որը միակն է, մեկը, չունենք ուրիշ Հայաստան, ուրիշ Հայրենիք։

Շնորհավոր անկախության տոնդ, Հայաստան»։