Վերմիշյանի արարքն անձնական վիրավորանք է իմ, ժողովրդի և թավշա հեղափոխության հասցեին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Վիրավորական է, որ ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալուն աջակցելու համար վերցնել հինգ հազար դոլար կաշառք ու վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր կոչում շնորհելու վերաբերյալ։ Կառավարության հերթական նիստում  անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ասել, որ սա մի կողմից տխուր, վիրավորական է, մյուս կողմից ուրախ իրադարձություն է։ Տխուր է, որովհետև ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել հինգ հազար դոլար կաշառք ու վարչապետի միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր կոչում շնորհելու վերաբերյալ, սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին, վիրավորանք է 2018 թվականի հեղափոխության արժեքների հացեին», - ասել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝  նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության․

«Եթե ՀՀ-ում կան մարդիկ, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին ու վճռականությանը, հույս ունեմ, նրանք հասկացան՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող են պատկերացնել։ Եթե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից անպայման  ու անխուսափելիորեն գնալու ենք»։