Ներկայացել է թաղապետարանի աշխատակից, կապել է միայնակ կնոջը, ոչինչ չգտնելով՝ փախչել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Դեպքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր կատարվել` փետրվարի 28-ին:

Օրը ցերեկով ինչ-որ մեկը մտել էր Օհանովի փողոցի շենքերից մեկը, բարձրացել չորրորդ հարկ, թոշակառու տանտիրուհուն ներկայանալով որպես թաղապետարանի աշխատակից` բնակարան էր մտել, կապել միայնակ կնոջ ձեռքերն ու բերանը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակելու հարմար բան չգտնելով` փախել էր:

Դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց: Իրավապահներն անհապաղ Օհանովի փողոց մեկնեցին:

Քրեական հետախույզները լսեցին տուժողին: Ուսումնասիրեցին բնակարանը:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության մյուս ստորաբաժանումներ: Մշակվեց օպերատիվ միջոցառումների պլան: Տրվեցին համապատասխան հանձնարարականներ թե՛ քրեական հետախույզներին, թե՛ համայնքային ոստիկաններին: Եվ դեպքից օրեր անց հետևողական աշխատանքը դրական արդյունք տվեց:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ որոնողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Հաղթանակ փողոցի 35-ամյա մի բնակիչ: Մարտի 1-ին կասկածվողը Շերամի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: