Հանրային ՀԸ ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

վարդան

ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ Նրա ֆեյսբուքյան էջին #մենքRecենք հեշթեգով բազմաթիվ գրառումներ կան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, 24News-ի տեղեկությունների համաձայն, այսօր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու. նա միակը չէ, ներսում վարչապետի ուղիղ եթերն ապահովող անձնակազմից ևս ազատումներ են լինելու: 

Ըստ Հանրային հեռուստաընկերության տարածած հայտարարության՝ տեսանյութի արտահոսք չի եղել։ Կառավարության հորդորով Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են «Շանթ», «Արմենիա ԹիՎի», «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները:

Ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է՝ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից վայրկյաններ առաջ, ոչ թե 15-20 րոպե առաջ:

Միջադեպին արձագանքել էր նաև ռեժիսոր Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ Մանե Գևորգյանի հետ եղել են նույն սենյակում, և որ անձամբ է տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել՝ Rec ենք։

«Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին… Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա։ Սա գլխավոր հարցն է»,-գրել էր Վարդան Հակոբյանը: