Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի. Արսեն Խառատյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ ևս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի:

«Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնությունը ևս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութայիս քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն: Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:

Այսպիսով, նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա ևս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:

Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին՝ այս օրհասական պահին բառիս բուն իմաստով թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համար»,- ասված է գրառման մեջ:

--0-- ՍՊ