ՊԲ լուծարման պարագայում զարկ ենք տալու Աշխարհազորի կազմավորմանը. Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

Մետաքսե

«Արցախի Պաշտպանության բանակի լուծարման մասին լուրերն, առայժմ ընկալում եմ զուտ ասեկոսեների մակարդակով, ոչ ավելին: Իհարկե, հատկապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք անընդհատ ինչ-որ սենսացիոն լուրեր ենք լսում, որոնք մասամբ նաև իրականանում են, բայց ինչ վերաբերում է Արցախի ՊԲ-ն լուծարելու մասին լուրերին՝ չեմ կարծում, թե դա հնարավոր կլինի անել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար աշխատող Վաղարշակ Հարությունյանի հետ պայմանավորվածության են եկել մոտ ապագայում կազմալուծել Արցախի Պաշտպանության բանակը:

Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ ինքն ունի հստակ պատկերացումներ այն մասին, թե ի՞նչ կարող է պատահել, նույնիսկ, եթե Արցախի Պաշտպանության բանակը լուծարվի. «Մենք մեր աչքի առաջ վերադասավորվելու հեռանկարներ ունենք, եթե անգամ, Արցախի բանակի լուծարման այդ ծրագիրն իրականանա: Դեռևս ամիսներ առաջ, մեր քաղաքական ուժը՝ Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում անհրաժեշտ է զարկ տալ աշխարհազորի կայացման աշխատանքներին: «Ազգ - բանակ» ծրագիրը, որը մեծ իմաստով նաև գաղափար է, հենց դա էր նախատեսում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր զբաղեցրած դիրքից, պետք է այդ բանակի զինվորը լինի: Մենք, նույնիսկ, հստակ ծրագիրն ենք մշակել, թե ինչ կերպ դա պետք կյանքի կոչել, այլ կերպ ասած, ինչպիսին պետք է լինի մշտապես պատերազմի մեջ գտնվող երկրի բանակի կարգավիճակը»:

Արցախի պատգամավորը նկատում է՝ վերջին անկազմակերպ պատերազմի արդյունքը մեկ անգամ ևս հաստատեց աշխարհազորի անհրաժեշտությունը: Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ ինչ-որ առումով դա արդյունք էր նրա, որ մենք չունեինք «Ազգ – բանակ» կուռ ծրագիրը, որի վրա հենվելով, կարող էինք խուսափել շատ արհավիրքներից, որ բերեց այդ պատերազմը:

ԱԺ պատգամավորը հավելում է՝ Արցախի Ազգային Ժողովը, հենց պատերազմի օրերին, աշխարհազորի մասին օրենքում փոփոխություններ է կատարել, հիմա էլ, կարծես, նման աշխատանքներ տարվում են, որպեսզի «Ազգ – բանակ» ծրագիրը վերջնական տեսքով պատրաստ լինի:

--00--ԱԹ