ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում առաջատարը շարունակում է մնալ Իսպանիան։ Չնայած այս մրցաշրջանում իսպանական ակումբների ոչ շլացուցիչ արդյունքների՝ վերջին 5 մրցաշրջանների հանրագումարով Իսպանիան շարունակում է մնալ առաջատարի դիրքում՝ 94,569 միավորով։ Լավագույն հնգյակում են նաև Անգլիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Այս պահին եվրագավաթներում շարունակում են հանդես գալ իսպանական 4, գերմանական 2, իտալական 4, ֆրանսիական 1 ակումբ, իսկ բոլորից շատ ներկայացուցիչն ունի Անգլիան՝ 5։
Ռուսաստանը ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում յոթերորդ տեղից նահանջեց ութերորդ՝ հետ մնալով Նիդերլանդներից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ամստերդամի «Այաքսը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 3:0 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյսին»:
Նիդերլանդներն այժմ ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում ունի 38,400 միավոր, իսկ Ռուսաստանը ՝ 38,382: Հիշեցնենք, որ ռուսական բոլոր ակումբներն արդեն դուրս են մնացել ընթացիկ եվրոպական մրցակցությունից: Ռուսաստանը վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ է այդքան ցածր դիրք զբաղեցնում։
ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի լավագույն 14 երկրներն այժմ ունեն այս տեսքը.
Հաջորդ մրցաշրջանում հինգ ակումբներ կներկայացնեն Ռուսաստանը եվրոպական մրցաշարերում: Ռուսաստանի չեմպիոնը կխաղա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ փոխչեմպիոնը մրցաշարում ճանապարհը կսկսի որակավորման երկրորդ փուլից: Ռուսաստանի գավաթի հաղթողը ընտրական փլեյ-օֆֆ փուլից կխաղա Եվրոպայի լիգայում: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիրը ճանապարհը կսկսի նոր մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլից, իսկ որակավորման երկրորդ փուլից՝ ՌՊԼ չորրորդ տեղը զբաղեցրած թիմը:
Նշենք, որ Հայաստանը այս աղյուսակում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 7,375 միավոր։ Հայակական ակումբներն իրենց ելույթները ավարտել էին դեռ նախորդ տարվա աշնանը։
Նկատենք նաև, որ ռուսական ակումբների համար այս եվրագավաթային մրցաշրջանը վատագույնն էր վերջին 18 տարվա ընթացքում։
--0--ԿԿ